Բաժիններ՝

Ֆրանսիայում ավելի քան 2 մլն դոլարով վաճառել են անհայտ տեսակի դինոզավրի կմախքը. Reuters

Փարիզում Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը հունիսի 4-ին 2,3 միլիոն դոլարով վաճառել է նախկինում անհայտ տեսակի գիշատիչ դինոզավրի կմախքը, որի երկարությունը հասնում է ինը մետրի եւ գետնից բարձրանում է 2,6 մետր: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Գնորդը ֆրանսիացիէ, եւ նա վաճառքից առաջ ինձ հայտնեց, որ եթե իրեն հաջողվի (կմախքը) ձեռք բերել, ապա ինքը (ցուցանմուշը) կներկայացնի հանրությանը: Եվ դա հրաշալի՛ է»,- մեջբերում է գործակալությունն աճուրդային տան ղեկավար Կլոդ Ագյուտի խոսքը:

Գնորդի եւ վաճառողի, որը բրիտանացի գործարար է, անունները չեն հայտնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է France Bleu ռադիոկայանը, նախապատմական գիշատիչ հրեշի մնացորդները գտել են 2013 թվականին ԱՄՆ-ի Վայոմինգի նահանգում: Կմախքն ավելի քան 150 միլիոն տարեկան է, եւ իր տարիքի համար լավ է պահպանվել. հնագետներին հաջողվել է գտնել ոսկորների շուրջ 70 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս