Դատախազը դադարեցրել է Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: