
Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական գրքույկ և անձնագիր

Քաղաքացին խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:
Պաշտպանին հասցեագրած դիմումի համաձայն՝ Հայաստանում ծնված դիմումատուն երկար տարիներ որպես փախստական բնակվել է արտերկրում: Վերադարձից հետո Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու համար՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, պահանջել են գումար վճարել, իսկ անձնագիր տրամադրելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջել է զինվորական գրքույկ։
Խնդրի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Պաշտպանության նախարարությունից: Պարզվել է, որ դեռևս անցյալ տարի դիմումատուի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում զինվորական հաշվառման չկանգնելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած չլինելու փաստը որակելու համար:
Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով, որ քաղաքացին զինվորական հաշվառման վերցված չի եղել, նա հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ, ապա՝ անձնագիր: