
Գերմանիայի իշխանություններն անհանգստացած են երկրում միջատների աղետալի կրճատումից

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ երկրում մեծապես նվազել է միջատների քանակությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել էկոհամակարգի եւ մարդու համար հնարավոր հետեւանքները կանխելու նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնել են Westdeutsche Zeitung (WAZ) թերթը եւ Funke մեդիախմբի մյուս հրատարակությունները, ասված է ԳԴՀ-ի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հաշվետվության մեջ:
Կարմիր գրքում գրանցված 8 հազար տեսակի միջատների 42 տոկոսը Գերմանիայում գտնվում է անհետացման սպառնալիքի ներքո, արդեն բնաջնջվել է, անհետացել կամ խիստ հազվադեպ է դարձել, այնուհետեւ ասված է փաստաթղթում:
Հատկապես վտանգավոր է համարվում փոշոտիչ-միջատների բնաջնջումը: Ներկայում վայրի մեղուների 557 ուսումնասիրված տեսակների 40 տոկոսից ավելին գտնվում է անհետացման սպառնալիքի տակ: «Տեսակների անհետացումը տեղի է ունենում ոչ թե հեռավոր երկրներում, այլ հենց մեր տան դռան առջեւ»,-WAZ-ին տված հարցազրույցում հայտնել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սվենյա Շուլցեն:
Նա հայտնել է միջատների պաշտպանության միջոցառումների ծրագրի մեկնարկի մասին: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «թունաքիմիկատների նկատմամբ քաղաքականության մեջ, բարելավել միջատների բնակույթների մոնիթորինգը եւ ընդլայնել գյուղատնտեսական այն հանդակները, որտեղ կարող են ապրել միջատները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: