Արարատի ցեմենտի գործարանը գերիշխող դիրք ունի, միանշանակ. ՏՄՊՊՀ-ի պատասխանը Ծառուկյանին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որ իրեն պատկանող Արարտի ցեմենտի գործարանը այդ ոլորտում մենաշնորհային դիրք ունի, այս մեկնաբանությունը տվեց. «4 հատ ցեմենտի գործարան կա, Պարսկաստանից, Վրաստանից ներկրում են, ասում են՝ մենաշնորհ: Մարդ ինչքա՞ն «տուպոյ» պտի լինի, որ մենաշնորհը չտարբերի, որ չորս հատ հիմնարկություններ բերում են»:
Ամբողջ հարցն այն է, որ ընկերության մենաշնորհային, գերիշխող դիրք ունենալ-չունենալը ֆիքսում է ոչ թե ոլորտում գործող ընկերությունների թիվը, այլ կոնկրետ ընկերության ունեցած դիրքն այդ ոլորտում:
Այսպիսով, Արարատի ցեմենտի գործարանն ունի՞ գերիշխող դիրք, պարզեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի բաժնի պետ Արման Մանասերյանից:
Ըստ նրա. «Ռեեստր, որպես այդպիսին օրենսդրությամբ վերացվել է, և թե շուկայի որ մասն է զբաղեցնում Արարտի ցեմենտի գործարանը, թվերով ասել չենք կարող: Մենք ուսումնասիրում ենք գերիշխող դիրք ունեցող ընկերություններն այն դեպքում, երբ կա գերիշխող դիրքի չարաշահման բողոք: Ես Ձեզ օրինակ բերեմ, դեռևս 2005 թվականին, երբ «Միկա» ցեմենտն ուներ ահագին մեծ մասնաբաժին՝ Արարատի ցեմենտի գործարանը զբաղեցնում էր շուկայի 58 տոկոսը: Հիմա գիտեք, որ «Միկա» ցեմենտը շեշտակի նվազեցրել է արտադրությունը, անգամ ընդհատումներով է գործում:
Այնպես որ, այս պահին հստակ կարող ենք փաստել, որ, այո, Արարատի ցեմենտի գործարանը գերիշխող դիրք ունի, միանշանակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: