Վեհափառ Հայրապետն արցախցիներին հորդորում է եղբայրասիրության ոգով և երկխոսությամբ լուծել բոլոր տարաձայնությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ուղերձում նշված է. «Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:

Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրասիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրասիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:

Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Տեսանյութեր

Լրահոս