«Արցախում միջադեպերի քաղաքականացումը և տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական:
«Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան եւ հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է իր խոսքում Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրում անընդունելի են ինչպես նման միջադեպերը, այնպես էլ դրանց քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով:
«Այս համատեքստում ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին՝ ապավինելով նրա իմաստնությանը, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, սթափություն, բազմակողմանի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու, կարեւորագույն հարցերի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու ունակությանը: Մեզ համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, միասնականությունը եւ համախմբվածությունը, պետական հիմքերն անսասան պահելը, երկրի անվտանգության եւ պաշտպանունակության հետեւողական բարձրացումը, մեր քաղաքացիների աշխատանքի եւ կյանքի խաղաղ պայմանների ապահովումը, ժողովրդի կենսապայմանների բարելավման նպատակով կարեւորագույն սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- շեշտել է Բակո Սահակյանը:
Նախագահի խոսքով՝ իշխանությունները, պետական կառավարման օղակները պարտավոր են ցուցաբերել պատասխանատվության առավելագույն աստիճան առկա խնդիրների լուծման գործում` այս ուղղությամբ իրականացնելով սկզբունքային, հետեւողական ու քրտնաջան աշխատանք: