Բաժիններ՝

Պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները. դատախազություն

Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Դրա հետևանքով համայնքի բյուջետային միջոցներից կատարվել են անհիմն հատկացումներ, ինչը միևնույն ժամանակ հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Մասնավորապես քրեական գործերի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Վանաձոր համայնքի թիվ 33 և թիվ 32 մանկապարտեզների տնօրենները 2015 թվա­կա­նին մանկապարտեզների տարբեր աշխատակիցների կողմից մի քանի աշ­խա­տանքային օր աշխատանքի չհաճա­խելու պայմաններում, նրանց փաստացի չաշխա­տած օրերի համար վարձատրություն ապահովե­լու անձնական այլ դրդումներով կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են «Աշխատաժամանա­կի հաշվարկի տեղեկագրեր», որից հետո բովանդակությամբ կեղծ հիշյալ փաս­տա­թղթերն օգտագործելով` ներկայացրել են վճարման: Արդյունքում իրենց պաշտո­նեական դիրքն օգտագործելով՝ նրանց կողմից համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել է այդ աշխատակիցների չաշխատած օրերի աշխատավարձը:

Թիվ 33 մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենս­­գրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ թիվ 32-րդ մանկապարտեզի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենս­­գրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ տարբեր քրեական գործերի նյութերի՝ պարզվել է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակա­յութ­յամբ գործող Վանաձորի թիվ 19 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի, Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզի տնօրենները տարբեր ժամանակահատվածներում իրենց ենթակայությամբ տարբեր հաստիքներում աշխատող իրենց հարազատների՝ առաջինի դեպքում հարսի, երկրորդի դեպքում քրոջ կողմից ընդհանուր` բազմաթիվ աշ­խա­տանքային օրեր աշխատանքի չհաճա­խելու պայմաններում, այդ հանգամանքը թաքցնելու անձնական այլ շահագրգռվածությունից, փաստացի չաշխա­տած օրերի համար ավել աշխատավարձ վճարելու շահադիտական դրդումներից ելնելով, նույն կերպ համայնքի բյուջեից դուրս են գրել և վճարել աշխատավարձ:

Այդ արարքները կատարելու համար 2018 թվականի մայիսի 26-ին Վանաձորի «Թիվ 19 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենս­­գրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ։

Ներկայացված բոլոր դեպքերով նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք կամովին վերականգնել են համայնքին պատճառված վնասը:

Սակայն մեջբերված փաստական տվյալները վկայում են, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն: Արդյունքում նախ ուսումնական հաստատություններում նախատեսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով չնախատեսված փոխտնօրենի հաստիքային միավորներ, ապա տևական ժամանակ փոխտնօրենի պաշտոնեական պարտականություններն ստանձնած աշխատակցի աշխատանքի չհաճախելու հանգամանքը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց տեսադաշտից:

Ուսումնասիրությունները փաստում են նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններն այդ պաշտոններում հիմնականում իրենց մերձավոր ազգականներին են աշխատանքի ընդունել և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, հաստա­տել և համայնքապետարան են ներկայացրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի բյուջից կատարվել են անհիմն հատկացումներ:

Այսինքն ակնհայտ էլ, որ համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսհաստատությունների իրավասու պաշտոնատար անձինք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքային գործառույթները և չեն ապահովել հիմնադրի բյուջետային հատկացումների արդյունավետ օգտագործումը: Իսկ համայնքային միջոցների հափշտակման պայմաններում դժվար է խոսել ուսհաստատություններում կրթական պատշաճ գորընթացի կազմակերպման, մանկավարժական մյուս աշխատողների համար բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելու, կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մասին:

Ելնելով վերոգրյալից ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն իր իրավասությունների շրջանակում միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ միջոցներ ձեռնարկելու համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններում նմանատիպ երևույթները բացառելու, ուղղությամբ, նախաձեռնելու ուսումնասիրություն նշված խախտումները, դրանց պատճառները պարզելու, մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկման առարկա դարձնել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս