«Հունիսի 7-ին դուք կլսեք ելույթներ, հարցադրումներ, կիմանաք մեր կարծիքը»
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի շտապում գնահատական տալ կառավարության ծրագրին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանը նշեց, որ ծրագիրը կարդացել է, սակայն գնահատականներ տալու համար վաղ է համարում: «Ես խնդրում եմ, որպեսզի դուք մի փոքր համբերեք: Հունիսի 7-ին կառավարության ծրագիրը կքննարկվի խորհրդարանում և այդ ժամանակ դուք իմ դիրքորոշումը կլսեք: Ես ծրագիրը կարդացել եմ, բայց դա չի նշանակում, որ հենց այս պահին պետք է գնահատական տամ»,- նշեց Նահապետյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի շատ կենացների մակարդակի է, Նահապետյանն ասաց. «Դուք ցանկանում եք, որպեսզի ես հիմա կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ պարզաբանումներ տամ: Ես ասացի, որ դեռ վաղ է: Հունիսի 7-ին դուք կլսեք ելույթներ, հարցադրումներ, կիմանաք մեր կարծիքը»: