
ԵՄ-ն կարող է արտահերթ գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի մաքսերի պատճառով

Եվրամիությունը (ԵՄ) կարող է Միության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանման եւ ԵՄ-ի պատասխան միջոցների առնչությամբ: Բրյուսելում կայացած մամուլի ասուլսիում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը։
«Ներկայում շփումներ են անցկացվում հնարավոր ոչ պաշտոնական խորհրդակցության շուրջը»,- ասել է նա: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի ճշտել, թե հանդիպումը կլինի պետությունների եւ կառավարություների ղեկավարների, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Ինչպես սպասվում է, այդ մասին որոշումը կհայտարարվի հունիսի 6-ին եվրակոմիսարների շաբաթական նիստից հետ, որի օրակարգում մաքսերի սահմանման հետ կապված իրադրությունն է: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հունիսի 1-ից մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի արտադրանքի ներմուծման վրա՝ պողպատի համար 25 տոկոսի եւ ալյումինի համար 10 տոկոսի չափով: Եվրամիությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ի որոշումը վիճարկել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: