«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն». ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը մտահոգությամբ է հետևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Իհարկե, մտահոգությամբ ենք հետևում այդ զարգացումերին, որովհետև հարցն առնչվում է մեզ համար շատ կարևոր գործընկերների: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն և այս 27 տարիներին, ես չեմ անդրադառնում մեր երկու ժողովուրդների հարաբերությունների ամբողջ պատմությանը, բայց առնվազն այս 27 տարվա ընթացքում մենք հաստատել ենք, ձևավորել ենք հարաբերություններ, որտեղ ի հայտ է եկել և շատ պարզ դրված է մեր հարաբերությունների կենսական նշանակությունը: Միևնույն ժամանակ մենք ունենք շատ հստակ և խորացված օրակարգ մեր մյուս գործընկերոջ՝ ԱՄՆ հետ: Մենք միշտ շատ զգայուն ենք եղել այս հարցում և մենք ջանք ենք ներդրել, որպեսզի բացատրելի դարձնենք մեր քաղաքականությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թ-ին Հայաստանն առաջիններից է եղել, որ ողջունել է համապարփակ, համընդհանուր գործողությունների ծրագրի ընդունումը, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը, որովհետև տեսնում էր շատ պարզ, բացվող հնարավորությունների լայն շրջանակը, տարածաշրջանի կայունացման առումով և համագործակցության ընդլայնման հնարավորությունների առումով:
«Իհարկե, վերջին զարգացումները շատ մտահոգիչ են, մենք պետք է շարունակենք, նորից շատ զգայուն լինելով այս իրողություններին, բացատրելի դարձնել մեզ հուզող հարցերը, մեզ անհանգստացնող հարցերը, դրա վրա հիմնված մեր դիրքորոշումները և պահպանենք մեզ այն դաշտում, որ առավել վնասներ չունենանք մեզ համար: Սա վերաբերում է մեր գործընկերներին, բոլոր այն գործընկերներին, որոնք ներգրավված են այս անմիջական գործընթացին, ներառյալ Իրանին և ԱՄՆ-ին»,- նշել է նախարարը:
Մայիսի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը՝ նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ը ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները