
Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը

Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:
Դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 5-ին «Մեմորիալ» սգո սրահում: Հուղարկավորությունը` հունիսի 6-ին՝ Երևանի Կամերային թատրոնից:
Գեորգի Ամիրաղյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում: Սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982 թվականից աշխատել է Երևանի պետական կամերային թատրոնում:
Խաղացել է «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և մի շարք այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլ կինոնկարներում: Որպես հաղորդավար աշխատել է Մոսկվայում «Կաբարե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակում:
1985-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:
2007 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: