««Երևան սիթիում» և մյուս սուպերմարկետներում գները բարձրացնելը սաբոտաժի փորձ չէ». Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, որ վերջին օրերին փորձ է արվել հակազդել ԱԱԾ գործողություններին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Երևան սիթի» և մյուս սուպերմարկետներում գները բարձրացնելը սաբոտաժի փորձ չի համարում։
«Դա իրենց որոշումն է եղել, որը շատ կարճ ժամանակ հետո հայտնի հայտարարությամբ իրենք հերքեցին»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Նա վստահեցրեց, որ ԱԱԾ-ն իր պարտականություններն ու գործառույթներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ. «Ձեզ հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա՝ ներկա թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եթե ունենք բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու է։ Կանցնի ժամանակ, կտեսնեք փաստեր»։
Հարցը՝ ընդունո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը մանիպուլյացիայի է ենթարկել ԱԱԾ-ն իր ծրագրերի և գործողությունների համար, Ա.Վանեցյանը «պրովոկացիոն» որակեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես գնահատականներ առհասարակ չեմ տալիս, քաղաքական գնահատականներ չեմ տալիս։ Ես խոսում եմ փաստերով»։
Դիտարկմանը, որ բացահայտումներ սկսվեցին քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, այսինքն՝ քաղաքական հրահանգ է եղել բացահայտելու, Ա.Վանեցյանը հակադարձեց. «Քաղաքական հրահանգ չի կարող լինել ԱԱԾ-ին։ ԱԱԾ-ն քաղաքականությունից դուրս է»։
Ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը, ըստ ԱԱԾ տնօրենի, հարևանների հետ չլուծված խնդիրն է, աշխարհաքաղաքական զարգացումները. «ԱԱԾ հիմնական գործառույթը հետախուզությունն է և հակահետախուզությունը, որը մենք այսօր անում ենք, որի մասին չենք բարձրաձայնում։ Դա շարունակական աշխատանք է։ Վստահեցնում եմ Ձեզ՝ ՀՀ ազգային անվտանգությունն իրականացնում է իր բոլոր գործառույթները՝ ապահովելու պետության, քաղաքացու անվտանգությունը»։