«Նախագահ Արմեն Սարգսյանն անընդհատ կապի մեջ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ». Նախագահի գրասենյակ

Արցախի մի շարք թաղաքական-հասարակական գործիչներ օրեր առաջ համացանցում հրապարակել էին «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։ Նախաձեռնողներից մեկը՝  ողջունելով հայաստանյան «թավշյա հեղափոխությունը», նշել էր, որ փոփոխությունների կարիք կա նաև Արցախում, որում 1993թ.-ից իշխում են նույն մեթոդներով, ինչ Հայաստանում:

Արդեն քանի օր է՝ Արցախում բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունենում,  ճնշումներ են գործադրվում Արցախի իշխանությունների վրա: Տեղի ունեցածին արձագանքեցին հայաստանյան և արցախյան տարբեր քաղաքական գործիչներ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով տեղի ունեցող դեպքերին, հրապարակմամբ արձագանքեց, որում ասվում էր.

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:  …Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով. «Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը: Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի առնչությամբ: Արցախի նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տիրող իրավիճակն ու դրա դրդապատճառները: Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին և ժողովրդին:

Արցախյան իրադարձությունների մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց նախագահի գրասենյակի հետ, որտեղից մեզ փոխանցեցին. «Նախագահ Արմեն Սարգսյանն անընդհատ կապի մեջ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս