«Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու». Դավիթ Բաբայան
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած միջադեպին և դրանից հետո Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից հունիսի 2-ից նախաձեռնած բողոքի ակցիաներին: Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում:
«Ցանկացած այդպիսի դեպք պետք է անպայման բացահայտվի և համապատասխան պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են դրա համար: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և այդ բողոքողների մեծամասնությունը այդ մոտեցումն է կիսում, որ եղել է դեպք և իրավական դաշտում պետք է համապատասխան աշխատանքները տարվեն: Սա միանշանակ է», – ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: «Իրավականը տեսանկյունից անպայման պետք է տրվի համապատասխան գնահատական, և այսպիսի արարքները չեն կարող անպատիժ մնալ: Բնական է, որ պետք է տարվի համապարփակ հետաքննություն և բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու: Բոլորը հավասար են օրենքի առջև, սա իրավական կարևորագույն հրամայականն է: Քաղաքական տեսանկյունից` մենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք, և իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել ու իրավական պետության բոլոր հատկանիշները պահպանել անվերապահորեն:
Բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այսպիսի երևույթներ ընդհանրապես տեղի չունենան: Այսինքն` ոչ միայն լինի անխուսափելի պատիժ, այլ նաև համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ տիրի հասարակությունում, որպեսզի այսպիսի միջադեպերը առհասարակ բացառվեն: Սա բոլորի պարտքն է և առաջին հերթին՝ իշխանությունների, ինչպես նաև հասարակության ցանկացած անդամի: Սա, իրոք, կարևորագույն առաջադրանք է և մարտահրավեր իրավական, քաղաքական և բարոյական հարթություններում, որի ուղղությամբ և իշխանությունը, և հասարակությունը անելու են հնարավորը»,- շեշտեց Բաբայանը:
Հարցին` արդյոք Ստեփանակերտում բողոքի ակցիաները շարունակվում են, Բաբայանը, պատասխանեց, որ որոշ մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան: «Սա ժողովրդավարական երկրի մի գործընթաց է: Մեզ մոտ ազատ է այդ ամենը, պարզապես հորդորը մեկն է, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում և չշահարկվի ու չքաղաքականացվի»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ առ այսօր կայունությանը և խաղաղությունը որևէ ձևով այս ակցիան չի սպառնում:
Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա:
«Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,- եզրափակեց Բաբյանը: