
Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 14 մարդ

Վերջին տվյալներով՝ առնվազն 14 մարդ է զոհվել հունիսի 4-ին Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը: Բացի այդ, ոստիկանության տվյալներով՝ 17 մարդ վերքեր են ստացել:
Ահաբեկչական գրոհն իրականացվել է այն պահին, երբ ամբողջ Աֆղանստանից ավելի քան երկու հազար աստվածաբաններ, որոնք մասնակցում էին հակապատերազմական հավաքին, դուրս էին գալիս ինստիտուտի հարեւանությամբ տեղակայված Լոյա Ջիրղայի (երկրի ավագների խորհուրդ) վրանից: Աստվածաբանները ֆետվա են ընդունել, որում մեղք են որակել ահաբեկչական գործողությունները եւ հակամարտող կողմերին կոչ են արել նստել բանակցությունների սեղանի շուրջը:
Առայժմ երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: