Նախարար Ռոստոմյանը հանձնարարականներ է տվել

Հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 24735 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ: Հ. Եմիշյանը նշեց, որ վերահսկվում է տրված բոլոր հանձնարարականների կատարումը, ընթացքի մեջ են ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության և փրկարարներին որակյալ համազգեստով ապահովման հարցերը: Նախարարին զեկուցվեց նաև Բելառուսում կայանալիք պատանի փրկարարների միջազգային մրցումներին ՀՀ ԱԻ նախարարության մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի ժ/պ Վահագն Օհանյանը զեկուցեց, որ, ըստ նախարարի հանձնարարականի, շարունակվում են ստուգումները համակարգի տարբեր ստորաբաժանումներում, անդրադարձավ ներդրումային ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վ. Օհանյանը նաև նշեց, որ արդիականացվում են ԱԻՆ կառավարման համակարգի հարցերը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումների ավարտի մասին, որից հետո կներկայացվեն արդյունքներն ու առաջարկությունները: Տեսչության պետը նշեց նաև, որ ընթացքի մեջ է 22 հրդեհի դեպքի հետաքննություն: Անդրադառնալով շարժական գազալցակայանների խնդրին՝ Ա. Մկրտչյանը նշեց, որ տվյալ ոլորտում դեռ բաց են խնդիրները:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց հետևողական լինել մարզերում շարժական գազալցման կայանների շահագործման ընթացքին և բացառել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով կայանների շահագործումը: Այդ նպատակով նախարարը հանձարարեց նաև պաշտոնական նամակով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մարզերում խնդիրը վերջնականապես կարգավորելու ուղղությամբ:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ուսումնական վարժանքների կազմակերպման և հրշեջ-փրկարարական հենակետերի վերանորոգման աշխատանքների մասին։ Նախորդ շաբաթ Արցախում գրանցվել է 303 ահազանգ:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:

Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմել և ներկայացնել ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում հաշվառված ծառայողական մեքենաների տվյալններն ու շահագործման տարիները, պատշաճ կազմակերպել հունիսի 26-27-ը Երևան քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված տարածաշրջանային պլատֆորմի ընթացիկ աշխատանքները:

Նախարարը կրկին անդրադարձավ համակարգի կադրային քաղաքականությանը և հանձնարարեց ծրագրեր մշակել՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողներին նախարարությունում աշխատանքի ընդունման ուղղությամբ:

Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը կրկին շեշտեց, որ դեմոնոպոլիզացման գործընթացը պետք է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

Տեսանյութեր

Լրահոս