Գվատեմալայում սուգ են հայտարարել հրաբխի ժայթքումից մարդկանց զոհվելու կապակցությամբ
Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասի ասված է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են վարչակազմում, հանրապետության ամբողջ տարածքում եռօրյա ազգային սուգ է հայտարարված «մարդկային կյանքերի անդառնալի կորստի կապակցությամբ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով, որից տուժել են Չիմալտենանգո, Էսկուինտլա եւ Սակատեպեկես դեպարտամենտները»:
Ավելի վաղ Գվատեմալայի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում առնվազն 25 մարդ է զոհվել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով: Գվատեմալայում վտանգի բարձր մակարդակ է հայտարարված, իսկ նրա երեք դեպարտամենտներում (Չիմալտենանգո, Էսկուինտլա եւ Սակատեպեկես)` առավելագույն: Ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն մարդ:
Ֆուեգոն ամենաակտիվ հրաբուխներից մեկն է համարվում Գվատեմալայի տարածքում: Այն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու հանրապետության մայրաքաղաքից: Իշխանությունները հարկադրված են եղել ավելի քան երեք հազար մարդ տարհանել Անտիգուա քաղաքից, որն առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկն է զբոսաշրջիկների շրջանում, փակված օդանավակայանը: Ժայթքումն սկսվել է մայիսի 3-ին, այն երկրորդն է դարձել ընթացիկ տարում:
Փորձագետների գնահատումների համաձայն՝ դա կարող է լրջորեն նվազեցնել Գվատեմալա այցելող զբոսաշրջիկների հոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: