
Արման Սահակյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Սահակյանը:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորը:
Ավելի վաղ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքելու մասին հայտարարել էին պատգամավորներ Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էին կայացրել, իսկ նա, իմանալով, որ իրեն հեռացնելու են, հայտարարություն է տարածել, որ լքում է խմբակցությունը: