
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում Uber-ի աշխատանքի դադարեցման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ստամբուլում տեղի էին ունեցել տաքսու վարորդների բողոքի ակցիաներ: Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնել Uber-ի գործունեության առնչությամբ: Վարորդների խոսքով՝ ընկերությունը ոչ բարեխիղճ մրցակցություն է ապահովում ու կրճատում իրենց եկամուտները:
«Uber-ը, որը գործում էր մեզ մոտ, այլևս չկա: Մենք ունենք տաքսիների մեր համակարգը»,- Ստամբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը: Նա նշել է, ոչ թույլ չի տա, որ Uber-ը վնասի թուրք տաքսիստների բիզնեսին:
Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություն մատուցող Uber ընկերությունը թույլ է տալիս տաքսի պատվիրել հեռախոսային հավելվածի միջոցով: Ընկերությունը, որի գլխամասը ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում է, հիմնադրվել է 2009 թվականին: Ներկայում Uber-ի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 100 քաղաքներում: Ընկերությունն իր համար ծառայություններ մատուցող տաքսու վարորդներից գանձում է կոմիսիոն գումար փոխադրման գումարի 20 տոկոսի չափով: