Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։
Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝Հայաստանը իրավական պետություն է, և այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն: «Հանրությունը իշխանության իրական կրողն է և չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից. նա պետք է լինի այդ գործընթացի հիմնական ուղղորդողն ու պահանջատերը»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը կրկին կարևորելով ՏԻՄ-ի ժողովրդավարացման հրամայականը՝ շեշտել է, որ գործընթացում համայնքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները պետք է գործեն բացառապես ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում։
Նախարարը մարզային պաշտոնյաներին է ներկայացրել ՏԿԶՆ-ի կողմից մշակվող նոր առցանց տեղեկատվական հարթակի գաղափարը, որը, ներառելով համայնքների գույքային ռեսուրսի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, բացառելու է այդ գույքի ապօրինի օտարումը և նպաստելու է ներդրումների իրականացմանը: Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու կարևորությունը և նշել, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու պետք է կարողանանք ներկայացնել գործնական առաջարկների փաթեթ։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Իշխան Սաղաթելյանին և շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայության համար՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ ներկա յուրաքանչուր պաշտոնյա հասկանում է երկրի ու մարզի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է նվիրվել նոր հայրենիքի, նոր Հայաստանի կերտման գործին:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Գեղարքունիքի մարզի ղեկավարումը իրեն վստահելու համար և վստահեցրել, որ ունի անհրաժեշտ վճռականություն և կամք՝ լուծելու մարզի առջև կուտակված բոլոր խնդիրները։