Մերժել է տղամարդու՝ միասին տանգո պարելու առաջարկը և դարձել տուժող. կայացվել է դատավճիռ
Արագածոտնի մարզի դատարանը Բենյամին Սարիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, մեղադրանքում և նրա նկատմամբ տուգանք նշանակել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ դատավճռով բավարարվել է տուժող կնոջ քաղաքացիական հայցը. Բենյամին Սարիբեկյանից որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում հօգուտ տուժողի պետք է բռնագանձվի 200.000 ՀՀ դրամ գումար` որպես տուժողի վիրահատության համար կատարված անհրաժեշտ ծախս:
Ըստ մեղադրանքի, Բենյամին Սարիբեկյանը 2016թ. դեկտեմբերի 2-ին ժամը 22:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող, մեկ այլ անձի պատկանող կիսակառույց տանը՝ խնջույքի ժամանակ, միասին տանգո պարելու իր առաջարկը մերժելու պատճառով ծանոթ կնոջը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած և սառը զենք չհանդիսացող աղանդերային FUXWELL տեսակի դանակով դիտավորությամբ հարվածել է կնոջ որովայնի շրջանին, նրա առողջությանը պատճառել առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: