Բաժիններ՝

Վրաստանի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը. IRI

Վրաստանի բնակչության մեծամասնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան 2008 թվականից:

2012 թվականին Վրաստանում կատարված իշխանափոխությունից հետո նոր կառավարության ներկայացուցիչներն արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը հայտարարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը պաշտպանողների տոկոսային ցուցանիշը մնում է բավականին բարձր (76 տոկոս), չնայած այն բանին, որ 2017 թվականի համեմատությամբ այն կրճատվել է 6 տոկոսով: Մինչդեռ, հարցման մասնակիցների մեծամասնությունը պաշտպանում է զարգացման արեւմտամետ քաղաքականությունը:

Հօգուտ այն բանի, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը լինի արեւմտամետ եւ միայն դեպի Եվրամիություն կողմնորոշված, արտահայտվել է մասնակիցների 27 տոկոսը, իսկ այն բանի օգտին, որ քաղաքականությունն արեւմտամետ լինի, բայց դրա հետ մեկտեղ կողմնորոշված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանը, հանդես է եկել հարցվածների 50 տոկոսը:

Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումը դրական է գնահատում մասնակիցների 36 տոկոսը, իսկ հարցվածների 52 տոկոսն այն բացասական է գնահատում:

Այսպիսով, 2017 թվականից ի վեր ցուցանիշները զգալիորեն փոխվել են. մեկ տարի առաջ գոհունակություն հայտնողները կազմում էին 54 տոկոս, իսկ դժգոհողները՝ 35 տոկոս: IRI-ի հետազոտության շրջանակներում ապրիլի 10-ից մինչեւ 22-ն անցկացված հարցմանը մասնակցել են Վրաստանի 18-ից բարձր տարիքի 1,5 հազար մշտական բնակիչներ: Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 2,5 տոկոս, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս