Բաժիններ՝

Խորհրդակցություն Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են տարբեր մարզերի համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, բազմակողմանի քննությունն ապահովելուն ուղղված իրականացվող միջացառումները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, ՔԿ մարզային քննչական վարչությունների պետերը։

ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունների վարույթում ընդհանուր առմամբ քննվում է 49 քրեական գործ՝ հանրապետության տարբեր մարզերի 50 համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ։ Քննությամբ պարզվել է, որ պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է սերմացու և պարարտանյութ, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն հատկացված սերմացուն կամ պարարտանյութը չեն հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին (կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել), իսկ որոշ դեպքերում հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, մարզպետարաններին ներկայացվել է, թե գյուղացիները վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել ստանալ նախատեսված բերքը, հետևապես չեն կարողացել վճարել, իսկ հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից։

Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է յուրաքանչյուր դեպքով ապահովել բոլոր հանգամանքների լիարժեք պարզաբանումը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, այդ թվում՝ պարզել, թե գյուղացիներին հատկացված սերմացուն և պարարտանյութը ով է ձեռք բերել և ինչ գումարների հաշվին, ինչ ընթացակարգով է իրականացվել բաշխումը, ով է պատասխանատու եղել գումարների գանձման և դրա նկատմամբ վերահսկողության համար, ինչու ստացած պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները տարիներ շարունակ չեն փոխանցվել նախատեսված ընթացակարգով և ներգործության միջոցներ չեն ձեռնարկվել։

Բացի այդ, հանձնարարվել է նշված դեպքերի առթիվ տարբեր քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով ապահովել տեղեկատվության փոխանակումն ու համապատասխան վերլուծությունների իրականացումը՝ պարզելու, թե արդյոք ընդհանրություններ ունեն տարբեր մարզերի համայնքներում արձանագրված չարաշահումների բնույթը։

ՀՀ ՔԿ նախագահն ընդգծել է քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում կազմակերպելու անհրաժեշտությունն ու բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս