Եվրահանձնաժողովը հայտարարել է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության եւ անվտանգության ոլորտները: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում է քաղաքական, տնտեսական եւ այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը կոչված է շոշափելի օգուտ բերել Եվրամիության եւ Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման եւ աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու է ժամանակավոր հիմքի վրա»,-հայտնել է ԵՀ-ն:

Նախատեսվում է ստեղծել «շրջանակներ, որոնք թույլ կտան վարել կանոնավոր երկխոսություն, աշխատել ներքին բարեփոխումների հետ կապված հարցերի վրա, համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները»:

Բացի այդ, համաձայնագրի՝ առեւտրի հետ կապված առանձին մասեր նույնպես կիրառվելու են այսօրվանից: Համաձայնագիրն արդեն վավերացված է Հայաստանի կողմից եւ վավերացման փուլում է ԵՄ-ի պետությունների կողմից: Այն վավերացրել է ԵՄ երեք պետություն՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան:

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի եւ ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս