
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ:
Մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի խորհրդականները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվել խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը:
Խոսելով արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի գերակայություններն են:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին քաղաքականության ոլորտում միասնաբար գործելու կարեւորությունը՝ դիվանագիտության գործիքակազմում խորհրդարանական բաղադրիչի լիակատար ներառականությամբ: