Արտակ Զեյնալյանը՝ Մասիսի քաղաքապետի ձերբակալման մասին

Նախաքննության և հետաքննության մարմինները պարտավոր են ներկայացնել այն փաստերը, թե ինչու է անձերի նկատմամբ կիրառվել ազատազրկումը որպես խափանման միջոց: Խոսելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի ձերբակալման հիմքերի մասին՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը իրավական գնահատականներ տալու լիազորություններ չունի, սակայն կարող է ասել իրավական սկզբունքները:

«Ես իրավական գնահատականներ տալու լիազորությամբ օժտված չեմ: Հետաքննության ու նախաքննության մարմինները պարտավոր են հիմնավորել և ներկայացնել այն փաստերը, որոնց դեպքում կարող է կիրառվել ազատազրկման ձևով խափանման միջոցը: Տվյալ դեպքում պարտականությունը դրված է նրանց վրա: Եթե չկարողացան ապացուցել, որ կան այդ հիմքերը, անձը կխուսափի ազատազրկումից»,-  ասաց Զեյնալյանը:

Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք էր նախաձեռնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով, որին միացել էր 8 պատգամավոր:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

2018 թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, ոմանք՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ըստ դրվագների, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982 թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս