«Այդ նույն օրակարգը կար նաև մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը». Բորիս Նավասարդյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է՝ թեև 20 տարի հետո ՀՀ-ն ունի ղեկավար, որն անմիջապես կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց ԼՂՀ հիմնահարցում բովանդակային փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե այն շեշտադրումը, որն արեց Նիկոլ Փաշինյանը, որ Լեռնային Ղարաբաղը և իր ներկայացուցիչները պետք է դառնան բանակցային գործընթացի մաս, դա էլ որակական որևէ փոփոխություն չի մտցնում. «Որովհետև դա դեռ չի նշանակում, որ այդ հայտարարությունից հետո բանակցությունները դադարեցվելու են։ Բանակցությունները շարունակվելու են, ու որքան էլ հիմնավորված լինի այն հայտարարությունը, որ նրանք ամբողջական չեն՝ առանց Արացախի ներկայացուցիչների մասնակցության, դա դեռ չի նշանակում, որ դրանք անիմաստ են»։

Բ. Նավասարդյանը զուտ բանակցային գործընթացի առումով մեծ փոփոխություններ չի ակնկալում. «Որովհետև այդ նույն  օրակարգը կար նաև մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Այստեղ շատ կարևոր է, թե արդյո՞ք կպահպանվի այն համեմատական կայունությունը և հանգստությունը սահմանում, որ մենք ունենք այսօր։ Այստեղ կարծում եմ՝ երրորդ կողմերի և, առաջին հերթին՝ ՌԴ-ի դիրքորոշման կարևորությունը պետք է շեշտվի։ Այն, որ կարծես թե բավականին կառուցողական հարաբերություններ են ձևավորվում Երևանի և Մոսկվայի միջև, դա խոստանում է նաև ՌԴ-ի դրական դերն այս ամեն ինչում։

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ առանց ՌԴ-ի կողմից հանդուրժող վերաբերմունքի՝ որևէ լուրջ ռազմական գործողություններ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև չի կարող լինել։ Եթե ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և չի ցանկանում խանգարել այդ գործընթացներին, դա նշանակում է, որ ՌԴ-ն շահագրգռված պետք է լինի, որ այդ գործընթացները նաև համեմատաբար հանգիստ և խաղաղ պայմաններում ընթանան։ Ընդամենը պետք է հուսանք, որ ՌԴ-ի կողմից այդ վերաբերմունքը շարունակական կլինի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս