
Կիմ Չեն Ընի ժողովրդականությունը Հարավային Կորեայում եռակի աճել է. Gallup Korea

Հարավային Կորեայի այն բնակիչների բաժինը, որոնք բարեհաճ վերաբերմունք ունեն ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, աճել է եռակի՝ մարտ ամսից մինչեւ մայիս ընկած ժամանակաշրջանում՝ 10 տոկոսից հասնելով 31 տոկոսի: Այդ մասին վկայում են Gallup Korea ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդին ամենից շատ հակված են համակրել Կորեայի Հանրապետության 40-ից մինչեւ 60 տարեկան քաղաքացիները. այդ տարիքային խմբի ներկայացուցիչների շուրջ 40 տոկոսը դրական է արտահայտվել Կիմ Չեն Ընի մասին:
ԿԺԴՀ-ի ղեկավարի նկատմամբ ամենաքիչ համակրանքը տածում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները. 20-ից մինչեւ 30 տարեկան հարցվածների շրջանում միայն 16 տոկոսն է նրա մասին լավ արտահայտվել:
Հարավկորեացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը նույն այդ ժամանակաշրջանում նույնպես աճել է՝ 24 տոկոսից հասնելով 32 տոկոսի: Հարցումը մայիսի 29-ից մինչեւ 31-ն անցկացվել է ավելի քան հազար մասնակիցների շրջանում: Արդյունքների անճշտությունը կազմել է 3,1 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: