
Արցախի պետական նախարարն ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոսին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:
Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը կարևորել է ԱՄՆ նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի և Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Այդ գործում ունեցած մեծ ներդրման համար Ա. Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայությանը, մասնավորապես՝ Նևադա նահանգի հայկական գաղութին: Պետնախարարն ընդգծել է նրանց գործուն դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում:
Հանդիպման ընթացքում ՀՀ պատվո հյուպատոսը Ա. Հարությունյանին է փոխանցել գիրք և հուշանվեր ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի տնտեսական ներուժի, ներդրումային մի շարք ծրագրերի և դրանց իրագործման հնարավորությունների մասին: