Իսպանիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց Ռախոյի կառավարությանը
Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը անվստահություն է հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը: Ռախոյի կաբինետին անվստահություն է հայտնել 180 խորհրդարանական, 169-ը դեմ են քվեարկել, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Այսպիսով, Իսպանիայի նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն կունենա սոցիալիստ Պեդրո Սանչեսը։ Ռախոյը, քվեարկության նախաշեմին ելույթ ունենալով խորհրդարանում, փաստորեն ընդունել է պարտությունը: «Նախագահը կլինի Սանչեսը (սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը): Լինելով դեմոկրատ՝ ես կընդունեմ այս խորհրդարանի որոշումը: Ինձ համար պատիվ էր նախագահել կառավարությունը եւ թողնել ավելի լավ Իսպանիա, քան այն, որը ես ընդունել եմ:
Թող ինձ ներեն նրանք, ովքեր իրենց վիրավորված են զգում: Շնորհակալություն բոլորին»,-ասել է նա: Անցած շաբաթ իսպանական դատարանը «Գյուրտել» հակակոռուպցիոն գործի շրջանակներում Ռախոյի Ժողովրդական կուսակցության հետ կապված տասնյակ անձանց մեղավոր էր ճանաչել խարդախության, հարկերի վճարումից խուսափելու եւ դրամական միջոցների լվացման մեջ:
Դատարանը նաեւ Ժողովրդական կուսակցությանը պարտավորեցրել է տուգանք վճարել 245 հազար եվրոյի չափով: Հենց դրանից հետո սոցիալիստները Պատգամավորների կոնգրես առաջարկություն ներկայացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: