Բաժիններ՝

Կառավարության անդամներն այսուհետ էկոնոմ դասով են մեկնելու գործուղումների

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ նոր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առաջիկայում կկրճատվեն ինչպես ծառայողական մեքենաների թիվը, այնպես էլ դիզվառելիքի վրա ծախսվող միջոցները:

«Մեր նախնական դիտարկումներով՝ եղել են բազմաթիվ անտրամաբանական ու չարդարացված ծախսեր: Խոսքը գնում է ծառայողական մեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին: Շուտով կտեղեկանաք այդ մասին: Մեր կառավարությունը գործելու է անհամեմատ արդյունավետ, դա միանշանակ է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը մոտ 110 է, ու, իրենց հաշվարկներով, դրանց 30 տոկոսը ենթակա են կրճատման: Նախարարությունների մեքենաների թիվն այստեղ ներառված չէ, հետևաբար, ըստ պաշտոնյայի, դրանք ևս պետք է ուսումնասիրության ենթարկվեն:

Ինչ վերաբերում է դիզվառելիքի չարաշահումներին, ապա Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ այստեղ ևս մեծ խնայողությունների տեղ կա:

«Այս պահին կառավարության վարչությունների և բաժինների ղեկավարներին տրամադրվող դիզվառելիքի շաբաթական չափը կազմում է 300 լիտր: Սա մեր բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված է՝ հաշվի առնելով այն, որ նրանք տանից գալիս են աշխատանքի, հետ վերադառնում: Այս քանակը որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,-հավելեց Աղաջանյանը:

Նա նշել է նաև, որ եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա բոլոր նախարարները ևս այդ տարբերակով պետք է գնան գործուղումների:

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Աստանա այցն իրականացրել է էկոնոմ դասի չվերթով՝ թե գնալը, թե հետադարձը: Այսուհետև սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը»,- ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ այս ուղղությամբ ևս ծախսերը կտրուկ կրճատվելու են, իսկ պաշտոնյաներին ուղեկցող անձնակազմը լինելու է միայն անհրաժեշտության դեպքում:

«Ուղեկցողների թիվը պայմանավորված է լինելու միայն անհրաժեշտությամբ, և որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,-հավելեց պաշտոնյան:

2016-ին միջոցներ են հատկացվել 951, 2017-ին՝ 915, 2018-ին՝ 902 ծառայողական մեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս