Բաժիններ՝

«Հանձնարարել եմ խստագույնս զգուշացնել ԲՍՓ հանձնաժողովներին». Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանձնարարել է հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն և ապա վերափորձաքննություն:

Թանդիլյանի հետ հանդիպմանը քաղաքացիները բարձրաձայնել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդիրները։

Ֆեյսբուքյան իր էջում նախարար Թանդիլյանը աշխատանքի տեղավորման խնդրի հետ կապված նշել է, որ թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությանը քաղաքացին կարող է իրազեկվել միայն զբաղվածության համապատասխան կենտրոնում հաշվառվելու դեպքում, որից հետո հետևողական հսկողության արդյունքում հարկավոր է աջակցություն տրամադրել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:

Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն:

«Եվ դրա արդյունքները սահմանված կարգով Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն ներկայացնելուց հետո, իրականացնել վերափորձաքննություն և տալ համարժեք եզրակացություն։ Բացի այդ, հանձնարարել եմ խստագույնս զգուշացնել ԲՍՓ հանձնաժողովներին՝ քաղաքացիների նկատմամբ անվերապահորեն դրսևորել հարգալից վերաբերմունք՝ ապահովելով ծառայությունների պատշաճ մատուցումը: Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացառելու քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք»,-գրել է Թանդիլյանը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացին տեղափոխվել և բնակություն է հաստատել ՀՀ սահմաններից դուրս, իսկ վերադառնալով՝ ունեցել է կենսաթոշակի վճարաչափի տարբերություն՝ նախարարն ասել է, որ իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ խնդրահարույց օրենսդրական նորմերը կիրառելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես օրենսդրական, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի նորմը։

«Այդ իսկ պատճառով հանձնարարել եմ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման, իրացման, իրավունքի դադարեցման և իրավունքի վերականգնման ժամանակ իրավունքի վերանայման նորմը պարզաբանելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը:

Ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի իրավունքը իրացնելիս մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող դեպքերի վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկատվություն հայցելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված մարդու իրավունքի պաշտպանին»,-ասել է նախարարը:

Իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդրի առնչությամբ, հաշվի առնելով սոցիալական ծանր պայմանները, որում բնակվում է քաղաքացին իր թոռնիկների հետ միասին, հանձնարարել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով աջակցել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս