«Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր, երիտասարդ կադրերով». Տարոն Աճեմօղլու
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար:
«Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: Գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից»,-ասել է նա:
Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և հիմնվել նոր սկզբի վրա: «Հայաստանի համար խոստումնալից է, որ միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Հայաստանի արդեն իսկ գրանցված ձեռքբերումների բարձր գնահատականի ժամանակը»,-նշել է տնտեսագետը՝ զգուշացնելով, որ մարտահրավերներն անխուսափելի են:
Աճեմօղլուն նշում է, որ ստեղծված ոգևորիչ մթնոլորտում ցանկություն կա փորձել բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում: «Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր երիտասարդ կադրերով, միևնույն ժամանակ պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»,- ասել է նա:
Աճեմօղլուն իրեն Հայաստանի կառավարության կազմում չի տեսնում, սակայն պատրաստ է օգնել: «Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ կա, կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է կառուցի Հայաստանի քաղաքացին»,- ասել է տնտեսագետը: