Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել ԱԱԾ

Հայաստանում առողջապահության ոլորտում նախատեսվում են կադրային փոփոխություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի վերաբերյալ գրառում էր կատարել և ասել, որ սկսելու է տալ տարբեր ռազմավարական ծրագրեր տապալած անձանց անուններ:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քրեական գործերի հիմքեր լինելու դեպքում կհարուցվեն քրեական գործեր:

«Երբ լինեն քրեական գործեր, դրանց մասին մենք կտեղեկացնենք անպայման, բայց հիմա, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ցանկանում անուններ տալ: Կարող եմ միայն ասել, որ դրանք կլինեն շատ մեծ հիվանդանոցների հետ կապված: Ես հենց առաջին օրերին մի քանի դեպքի մասին արդեն իսկ նշել էի` առողջարանների, հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերաբերյալ: Անունները կնշվեն այն ժամանակ, երբ կունենանք փաստաթղթային հանգամանքներ, այսինքն` պարզապես մեղադրանքներ չեն հնչելու:

Բոլորս էլ շատ մարդկանց անուններ կարող ենք ասել, բայց քանի որ մենք ցանկանում ենք կառուցել իրավական պետություն` պետք է ունենանք փաստեր: Այդ ամենի համար մենք ուսումնասիրություններ ենք կատարում` պետական առողջապահական գործակալությունը, տեսչությունն այս պահին էլ ստուգումներ են իրականացնում: Արդյունքները հետո ուղարկվելու են Ազգային անվտանգության ծառայություն, այսօր էլ պատրաստվում եմ երկու նամակ ուղարկել»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս