«Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ». Հակոբ Հակոբյանը հերքում է
«Ես չգիտեմ՝ ով ինչ է գրել, ով ինչ է ասում: Ես նման բան երբեք չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիայի» Հակոբ)` հերքելով ՀՀԿ-ից իր դուրս գալու մասին տարածված լուրերը:
Հարցին` կուսակցությունից դուրս չի՞ գա, եթե անգամ ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, Հ.Հակոբյանը պատասխանեց, որ ինքը մտադիր չէ դուրս գալ ո՛չ խմբակցությունից, ո՛չ կուսակցությունից.
«Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»:
168.am-ի դիտարկմանը, որ երբ Հակոբյանի համար էին վատ ժամանակներ, «Կիլիկիա» ընկերությունը հարկային լուրջ խնդիրներ ուներ, ՀՀԿ-ն իր «կողքին» չէր, Հ.Հակոբյանը պատասխանեց, որ «Կիլիկիան» տնտեսական գործունեություն է, պատգամավորը` քաղաքական, և մեկը մյուսի հետ կապ չունի.
«Ես միշտ ասել եմ, և նույն համոզմունքին եմ, ես երբեք չեմ եկել պատգամավոր դառնամ, որ բիզնես պահեմ, որ շատ շատերի մասին նման լուրեր են պտտվում: Ես եկել եմ պատգամավոր, որպեսզի կարողանամ իմ երկրին որևէ հարցով օգուտ տամ: Իմ աշխատանքը տեսնելով՝ համոզված կլինեն, որ 10 տարիների ընթացքում դրա համար եմ աշխատել»: