«Այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են․ տարվա վերջին ունենալու ենք ոչ ավելի, քան 4 տոկոս գնաճ»․ ԿԲ նախագահ
«2017 թվականին տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում աճի բարձր մակարդակների ձևավորմամբ և շինարարական ճյուղի աճի վերականգնմամբ»,- այսօր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարողական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նա նկատեց, որ 2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը, որը զգալիորեն գերազանցել է պետական բյուջեի ծրագրում նախատեսած մակարդակը․ «Տնտեսական աճի բարձր մակարդակն արձանագրվել է առաջին եռամսյակից սկսած։ ՀՀ տնտեսական աճին նպաստել են թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններ»։ Նշենք, որ 2017 թվականի տնտեսական աճը կազմել է 7․5 տոկոս, այնինչ կանխատեսվել էր 3․2։
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ԿԲ-ի քաղաքականությունն ինչպիսի՞ն պետք է լինի, որ լինի կանխատեսված միջին գնաճ։
Ի պատասխան՝ Ա․ Ջավադյանը նախ նկատեց, որ նախորդ տարին ավարտվել է 2․6 տոկոս գնաճով, ինչն իրենց կանխատեսածից ավելի քիչ է եղել․
«Այս պահին գնաճի ցուցանիշները նույնպես հուսադրող են։ Այն իրավիճակը, որ մենք ունենք, այդ իրավիճակում մեր կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն։ Մենք տարվա վերջին ունենալու ենք ոչ ավելի, քան 4 տոկոս գնաճ»։