ԵԱՏՀ-ն պլանավորում է աստիճանաբար ներդնել զուգահեռ ներմուծման սկզբունքները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պլանավորում է աստիճանաբար ներդնել զուգահեռ ներմուծման սկզբունքները: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Այսօր դա հրատապ բանավեճի թեմա է: Այս գաղափարի կողմնակիցներն ավելի շատ են, քան երեք տարի առաջ, երբ մենք բանակցություններ էինք վարում: Այժմ մենք առաջարկում ենք փուլ առ փուլ անցնել այդ սկզբունքին, որպեսզի այն նվազ հիվանդագին լինի ազգային կառավարությունների համար»,- ասել է նա:
Սարգսյանը նշել է, թե երկյուղներ կան զուգահեռ ներմուծման ներդրման դեպքում կեղծամակնիշ արտադրանքի ավելանալու կապակցությամբ: «Անշուշտ, կան թեր եւ դեմ փաստարկներ, բայց, ամբողջությամբ վերցված, մենք բաց շուկաների եւ մրցակցության կողմնակիցներ ենք»,- հավելել է նա: ԵԱՏՀ-ի ղեկավարի խոսքով՝ քննարկվում են զուգահեռ ներմուծման խնդրի լուծման փոխզիջումային տարբերակներ մի շարք ապրանքների համար:
«Օրինակ՝ համատարած չդարձնել զուգահեռ ներմուծումը, այլ այդ հնարավորությունը սահմանել կոնկրետ ապրանքների, ոլորտների համար. այնտեղ, որտեղ պահանջվում է: Եթե, ասենք, դեղորայքային պատրաստուկների, բժշկական իրերի ոլորտում օրինականացնենք զուգահեռ ներմուծումը, դա կհանգեցնի մրցակցության ուժեղացման, գների իջեցման:
Օրինակ, Հայաստանում մենք դա իրականացրել ենք, եւ արդյունքներն ակնհայտ էին: Եթե մենք դա անենք Միության մասշտաբներով, ապա, ինձ թվում է, դրանից մենք բոլորս կշահենք»,- ընդգծել է նա: