
«Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2019 թվականից». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2019 թվականից: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Աստանայի համաժողովում մենք ստորագրեցինք ժամանակավոր համաձայնագիր, որը տանում է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում: Այժմ մենք վավերացման ընթացակարգը գործարկել ենք մեր երկրներում, հուսով ենք, որ նոր տարվանից այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ կմտնի»,-ասել է նա:
«Համաձայնագիրն ստորագրված է, այժմ այն անհրաժեշտ է վավերացնել խորհրդարանում: Մեր փորձագետներն ասում են, որ դա կարող է տեւել մոտավորապես վեց ամիս: Վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի: Նույնը վերաբերում է նաեւ Չինաստանին»,-պարզաբանել է Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն այժմ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ է վարում Իսրայելի, Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Սերբիայի հետ: