Բաժիններ՝

Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր ՓՄՁ-ները. Ոլորտը կառավարությունից օպերատիվ լուծումների է սպասում

Թեև փոքր ու միջին ձեռնարկությունները Հայաստանում տարբեր կառավարությունների իրականացրած բարեփոխումների թիրախ են եղել, սակայն դրանց տեսակարար կշիռը տնտեսությունում հետզհետե պակասում է։ Խոշորները կլանում են մանրերին, և սոցիալական խնդիր լուծող բիզնեսի այդ հատվածը ներկայումս ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի միայն 1/3-ը։

Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր ՓՄՁ-ները, որոնց վրա նոր կառավարությունը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի: Այս հարցը 168.am-ն ուղղեց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանին։

«ՓՄՁ-ներին հուզող, իրենց զարգացմանը խոչընդոտող խնդիրները, բնականաբար, հենց այսօր չեն ձևավորվել կամ ծառացել: Կան խնդիրներ, որոնք կոնկրետ մեր ասոցիացիայի կողմից արդեն որերորդ կառավարությանը բարձրաձայնել ենք, բայց կա՛մ ունեցել ենք տվյալ խնդիրների հետաձգումներ, կա՛մ նույնիսկ մոտ չենք եկել այդ խնդիրներին: Մենք այս օրերին ևս մեկ անգամ փորձեցինք հավաքագրել ՓՄՁ-ներից խնդիրներ, հենց նրանց՝ ՓՄՁ-ներին, հրավիրեցինք, որպեսզի իրենք մասնակցեն և իրենք ֆոկուս խմբերով, քննարկումներով դուրս բերեն առաջնային խնդիրները: Դրանք արդեն ամփոփվել և ներկայացվել են կառավարություն, առաջարկել ենք վարչապետին, հնարավորինս սեղմ ժամկետում հրավիրել վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ»,- ասաց Հ.Ավագյանը։

ՓՄՁ ներին մտահոգող խնդիրները նա բաժանեց 2 խմբի՝ օրենսդրական և կիրառության հետ կապված:
Հ.Ավագյանի խոսքով՝ արագ արդյունքներ տեսնել կարելի է կիրառության հետ կապված խնդիրների լուծման դեպքում, օրինակ՝ այս օրերին շատ քննարկվող մաքսային ներմուծումների ժամանակ ձևակերպումների քաշքշուկների վերացումը, հարկային տեսուչների հետ շփումների որակի փոփոխությունը, գործընկերային մոտեցումը:

Հ. Ավագյանը նշեց, որ առաջին տեղերում մնում են հետևյալ խնդիրները՝

  1. հավասար մրցակցություն.
  2. Հայկական ապրանք արտադրողների ապրանքների սպառման շղթայի խնդիրները, այդ թվում՝ արտահանման դժվարությունները, գյուղմթերք արտադրողների խնդիրները վերամշակողների, սուպերմարկետների հետ: Այս պահին շատ բողոքներ կան Գերփոքր շրջանառության հարկ վճարողների և խոշոր առևտրի ցանցերի հետ հարաբերություններում՝ կապված հարկման ռեժիմների տարբերության հետ։
  3. ԱԱՀ-ի շեմի սպասվող իջեցման խնդիրը, որը բերում է նաև վախի։
  4. Փոքր ներմուծողների մաքսային ձևակերպումների խնդիրները։
  5. Հուլիսի 1-ից հանրային սննդի ոլորտի ԱԱՀ-ի շեմը գերազանցած, հայկական խոհանոցների, ռեստորանների ԱԱՀ-ի դաշտում հայտնվելու սպառնալիքը, որը կբերի ոչ միայն այդ դաշտում, այլ նաև գաստրոտուրիզմի սիրահարների թվի անկման, ոլորտի ուժեղ խաղացողների դժգոհության։
  6. Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակայինի բեռը, որը, որպես կանոն, ընկնում է գործատուի վրա։
  7. Հասանելի ֆինանսական միջոցներ, էժան վարկային կամ ներդրումային ֆոնդեր, որոնց կարող են դիմել Գերփոքր բիզնեսներն իրենց զարգացման բիզնեսի ընդլայնման համար։
  8. ՀԴՄ սարքերի վաճառքի մենաշնորհը, բարձր գինը և այլն:

«Որպես կարճաժամկետում լուծումներ պարունակող գործողությունների ծրագիր, կցանկանայինք տեսնել կառավարության ծրագրում այնպիսի լուծումներ, որոնք հենց այս տարի կբերեին բիզնես միջավայրի աշխուժացմանը, նոր եկող կամ կատարվող բիզնես ներդրումների երաշխավորմանն ու պահպանմանը: Օրինակ, այս օրերին ակտիվացել է սփյուռքահայերի կողմից ցանկությունը հայրենիքում ներդրում անելու: Այդ նպատակով կարելի է ստեղծել ներդրումային ֆոնդ կամ ազգային բիզնես ինկուբատոր, որտեղ կհավաքագրվեն ազատ ֆինանսական միջոցներ փոքր ու մեծ չափերով և ինկուբատորին դիմած գործող կամ նոր ստեղծվող այն գործարար ծրագրերը, որոնք հավանության կարժանանան մասնագետների կողմից, կունենան ներդրումներ ներգրավելու, էժան փողեր ներգրավելու հնարավորություն, կընդլայնվեն կամ կստեղծվեն նոր բիզնեսներ»,- ասաց Հ.Ավագյանը:

Ընդ որում, ըստ նրա՝ պետք չէ նախորդ կառավարության նման 1.5 մլն դոլարանոց ծրագրեր ներկայացնել և այդպես էլ գումարներ չհավաքագրել, պետք է 50.0 հազար դոլարից սկսած բիզնես գաղափարներ ու ծրագրեր ներկայացնել, որտեղ մասնակցային կլինեն ավելի շատ մեր հայրենակիցներ, և ոչ թե փողեր՝ կնվիրաբերեն իրենց հայրենիքին, այլ կոնկրետ փայատերեր, բաժնետերեր կդառնան երկրում ստեղծվող բիզնեսներում:

Գյուղմթերքի համար կարելի է ներդնել մարզային մթերակայաններ, որտեղ սկսած 1 տոննա մթերք արտադրողից՝ հնարավորություն կունենան հանձնել իրենց արտադրանքը և զերծ մնան արտահանման, խոշոր խանութների մատակարարման, պետական գնումների մասնակցության դժվար պրոցեսներից: Իրենց փոխարեն դա կանեն միջնորդ մթերակայանները, որոնք կկազմակերպեն հավաքական բեռների տեղափոխում, տեսակավորում, գնորդների հետ բանակցում, մատակարարում և հետո նոր պատվերների նախօրոք ներկայացում հենց արտադրողներին:

Բիզնեսում ներդրումները պաշտպանելու, խնդիրներին ժամանակին արձագանքելու, դրանք խմբավորելու և գործադիր իշխանությանը ներկայացնելու, նրանց հետ սիստեմատիկ երկխոսելու համար, Հ.Ավագյանի կարծիքով, նորից պետք է վերադառնալ բիզնես օմբուդսմենի կամ գործարար շահերի հաշտարարի ինստիտուտին.

«Այս մասին հազիվ կարողացել էինք արձանագրել նախորդ կառավարության ծրագրում, ըստ որի՝ պետք է արդեն այս տարվի ներդրվեր այդ ինստիտուտը: Ինչպես տեսնում եք, մեր առաջարկությունների մեծ մասն ուղղված է գերփոքր բիզնեսն ակտիվացնելուն, սկսնակ գործարարներին աջակցելուն, դա կբերի մեր բիզնես միջավայրի դիվերսիֆիկացմանը, որի լուրջ խնդիրն ունենք արդեն տարիներ ի վեր: Իհարկե, այս բոլոր պրոցեսներին զուգահեռ՝ պետք է իրականացվեն լայնածավալ իրազեկման միջոցառումներ հենց ՓՄՁ-ների, ներդրողների, սկսնակ գործարարների համար»:

Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ նշված խնդիրներից ոմանք օրենսդրական շտապ փոփոխության կարիք ունեն, մինչև հուլիսի 1-ը, մասնավորապես՝ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտի խնդիրը լուծել, որպեսզի նրանք չհայտնվեն ԱԱՀ-ի դաշտում:

Կարևոր է նաև աշխատավարձի եկամտային հարկի հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը, որպեսզի սպառողական զամբյուղի չափով վերջապես ետ բերվի աշխատավարձի չհարկվող շեմի դրույթը, ինչը կնվազեցնի աշխատավարձից պահվող եկամտային հարկը, հնարավորություն կտա անցնցում անցնել պարտադիր կուտակայինի կիրառմանը: Այս առումով նա կարևորեց նաև, որպեսզի այդ ֆոնդերից, այսինքն՝ համազգային հավաքագրված դրամական միջոցներից ներդրումներ կատարվեն հենց մեր երկրում ստեղծվող մրցունակ, արագ ետգնողունակությամբ բիզնեսներում:

«Կարևոր է նաև այս տարի մշակել ՓՄՁ զարգացման ռազմավարություն փաստաթուղթը, քանի որ նախորդ ռազմավարության ժամկետն ավարտվում է հենց այս տարի՝ 2016-18թ.: Բայց այս անգամ գոնե այն հնարավորինս իրատեսական, վերահսկելի փաստաթուղթ պետք է լինի, ամրագրված լինեն դրույթներ, որ այն, ինչ սահմանվի տվյալ ռազմավարության մեջ, պարտադիր կատարման լինի բոլոր գերատեսչությունների կողմից: Ցանկացած փոփոխություն, որոնք առնչվում են ՓՄՁ-ների հետ, պետք է բխեն տվյալ ռազմավարությունից»,- ասաց Հ.Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս