Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումից

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Աստանայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումից: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ հիմնականում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, այդ հարաբերություններում առկա լավ կողմերը և դրանք զարգացնելու հետ կապված հարցեր:

«Աստանա այցը ավելի շատ ճանաչողական էր և ինձ, և նրանց համար, դրա համար ավելի շատ խոսել ենք ընդհանուր թեմաներից, գոյություն ունեցող խնդիրների մասին չենք խոսել»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը բարձրացրե՞լ է, Արմեն Գրիգորյանը բացասական պատասխան տվեց՝ շեշտելով, որ դա իր առաջին այցն էր, որն ավելի շատ ճանաչողական էր: Նա նշեց, որ հետագայում պատրաստվում է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցը բարձրացնել:

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս