«Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժին դիմելը Ղարաբաղյան հակամարտության լուծում չէ». Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով: Նախարար Ժան-Իվ Լը Դրիանն տեղեկացրեց, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, իր տեղն է զբաղեցնում այս հարցում:
«Վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը, հաճախ առիթ ունեցել ենք ասելու, և՛ երեկ, և՛ երեկ չէ առաջին օրը` մեկ այլ վայրում, ասացի, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ հակամարտության համար, ինչպես քիչ առաջ պարոն Մնացականյանն ասաց իր ելույթում, մենք լիովին համամիտ ենք: Այս հարցում ոչ ստատուս քվոն, ոչ ուժին դիմելը լուծում չէ, պետք է մոտենալ ավելի պրագմատիկ, ավելի կրեատիվ ձևով: Ես մշտապես տեղեկացվում եմ իրադարձությունների վերաբերյալ, մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և կստեղծի խաղաղություն և կայունություն»,- ընդգծեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը: