«Որևէ մեկը չի ծնվել նախարար կամ կառավարման հմտություններով». Արծվիկ Մինասյան
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
«Նախ տոնի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս, աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մեր ժողովրդին: Օրվա խորհուրդը մեծ է, 1918 թվականին մեր անկախությունը, մեր պետականությունը ցույց տվեց այն, որ մեր ապագան միշտ մեր ձեռքերում պետք է պահենք: Ցանկացած գործողության հիմքում որպես առաջնահերթություն պետք է լինի հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը: Ես համոզված եմ, որ մեր նոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արծվիկ Մինասյանին ավելի շատ Բնապահպանության, թե Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում աշխատելն է հարմարավետ: Հարցին ի պատասխան, Արծվիկ Մինասյանը նշեց, որ Բնապահպանության նախարար աշխատելն իրեն տվեց մեծ հնարավորություն ու փորձառություն:
«Հայաստանի տնտեսական զարգացումն ու առաջընթացն, առանց շրջակա միջավայրի պատշաճ պահպանման, անհնար է, որովհետև յուրաքանչյուր տնտեսական աճ առնվազն իր մեջ պետք է ներառի 3 կարևոր բաղադրիչ՝ սոցիալական ներառականություն, բնապահպանական ընդունելի լուծումներ, տնտեսական կայուն առաջընթաց: Այս 3 բաղադրիչն անհրաժեշտ է, որ տնտեսական ցանկացած աճ դիտվի որպես զարգացում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրագրողները նկատեցին, որոշ մարդիկ թերահավատորեն են մոտենում նոր կառավարությանը, քանի որ այն համալրվել է բավական երիտասարդ ու անփորձ կադրերով: Նույնիսկ մտավախություն կա, որ նոր կառավարությունը չի հաջողի: Արծվիկ Մինասյանը նշեց, որ զգուշավորություն պետք է, բայց մտավախություն չկա:
«Համոզված եմ, որ երիտասարդ լինելով հանդերձ, երբ փորձի և ապագայի նկատմամբ մեր պատկերացումների հիմքում դնում ենք ազգային պետական արժեքները, մենք ունենում ենք հաջողություն: Որևէ մեկը չի ծնվել նախարար կամ կառավարման հմտությունները ձեռքբերելով, բայց շատ կարևոր է, որ արագ, մեր սկզբունքներին համահունչ առաջ գնանք»,- ասաց նախարար:
Այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա կառավարությունում պատասխանատվությունը փաստաթղթով ամրագրվի, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա քաղաքական ուժերի միջև քննարկման հարց է: Առաջիկայում կներկայացվեն մանրամասներ: