
Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելելու է Հայաստան: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցած բաց դռների օրվան նվիրված արարողությանը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղիներ կփնտրվեն»,-ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար այլ անձանց հետ: