«Եթե պարոն Աղաբեկյանն ինչ-որ մտահոգություններ ունի, կարող է այլ խողովակներով փոխանցել վարչապետին, ոչ թե հրապարակային»
«Ես Զինված ուժերում ծառայել եմ, բայց զինվորական մասնագիտություն չունեմ: Ես ինձ զինվորական մասնագիտության գիտակ չեմ համարում: Միայն լավն եմ իմացել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի մասին: Եթե պարոն Աղաբեկյանն ինչ-որ մտահոգություններ ունի, կարող է այլ խողովակներով փոխանցել վարչապետին, ոչ թե հրապարակային»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը և Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի բացասական արձագանքին:
Ըստ նրա՝ նախկին իշխանություններն իրենք էին ասում, որ «հարևանները կլսեն». «Ես կարծում եմ՝ հրապարակային սխալ է նորանշանակ ԶՈՒ ԳՇ պետի մասին արտահայտվել: Փաշինյանն այս նշանակումը կատարելիս բազմաթիվ կոնսուլտացիաներ է ունեցել և, եթե հանգել է այս նշանակմանը, բնականաբար, դրա մեջ կա տրամաբանություն»,- ասում է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Ա.Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։
«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը Գլխավոր շտաբի նորանշանակ պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ», – գրել է նա։