Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ:

Նահանգապետ Մաջիդ Խոդաբախշի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Իրան հարաբերությունների ներկայիս մակարդակին և հետագա ընդլայնման հեռանկարներին: Դեսպանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ քաղաքական, տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումները, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ՀՀ նոր ղեկավարության հռչակած մոտեցումները:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում տնտեսական կապերի խորացման համար: Այս համատեքստում կողմերը քննարկեցին Հայաստանի և Արևելյան Ատրպատականի միջև փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը՝ անդրադառնալով բարենպաստ գործարար միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացման ուղիներին:

Արևելյան Ատրպատականում դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Սեյեդ Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, քննարկեցին Արևելյան Ատրպատականի հայ համայնքի կենսագործունեության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները՝ դեսպանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Արևելյան Ատրպատականի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Սամադ Հասանզադեի և նահանգի տնտեսական մի շարք ասոցիացիաների ղեկավարների ու բազմաթիվ գործարարների հետ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական քաղաքականությունը, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների ու կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները: Զրուցակիցները կարևորեցին Հայաստան-Իրան տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ ստեղծված լայն հնարավորությունները:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Թավրիզի համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադիի հետ: Արտաշես Թումանյանը ներկայացրեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ անդրադարձ կատարելով բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին: Կողմերը քննարկեցին հիշյալ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Թավրիզում ՀՀ դեսպանն այցելեց նաև մի շարք արտադրական ձեռնարկություններ, որտեղ ծանոթացավ դրանց արտադրական հնարավորություններին և ներկայացրեց Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները:

Թավրիզում՝ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանում, դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ Թեմի առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթճյանի և տեղի իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս