«ԱՄՆ-ում նախագահի փոխվելը չպետք է բերի իրանական միջուկային գործարքի չեղարկման». Մոգերինի
ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը չի նշանակում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարելի է չեղարկել: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մայիսի 24-ին Բրյուսելում ելույթ ունենալով բիզնեսին նվիրված եվրոպական գագաթնաժողովում:
«Եթե դու ստորագրել ես համաձայնագիրը, ապա այն գործելու է: ԱՄՆ-ի նախագահը փոխվել է, բայց համաձայնագիրը մնացել է»,-ասել է նա, ընդգծելով, որ դա է միջազգային համաձայնագրերի սկզբունքը: «Մենք պետք է ունենանք կանխատեսելիություն, այլապես մեկը մյուսի հետ բանակցություններ չի վարի, եթե վաղը համաձայնագիրը կարելի լինի չեղարկել»,-նշել է Մոգերինին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց:
Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ է առաջադրել Թեհրանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: