ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Նախագահի մրցանակ- 2017-ի հանձնման արարողությունը
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Նախագահի մրցանակ-2017-ի մրցանակների հանձնման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահը, նախագահի մրցանակի նախաձեռնող «Պողոսյան հիմնադրամի» ներկայացուցիչներ՝ Ալբերտ և Ժան Պողոսյանները, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, մրցանակի անվանակարգերում ներկայացած՝ բնական գիտությունների և բժշկության, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների, ՏՏ ոլորտի, հումանիտար գիտությունների, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:
Մրցանակների հանձնման արարողության մեկնարկին ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով իր խոսքը մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի շնորհավորական խոսքով: Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Նախագահի մրցանակ-2017-ի անվանակարգերն այս տարի թվով 12-ն էին.
Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրման համար մրցանակակիրներ՝ Տիգրան Մանսուրյան և Մարչելո Ֆլորենս (Իտալիա),
Բժշկագիտության բնագավառի մրցանակակիրներ՝ Մհեր Բիշարյան, Մարինե Բաղդասարյան, Դիանա Հարությունյան,
Բնական գիտությունների բնագավառի մրցանակակիրներ՝ Գեղամ Գևորգյան, Կարեն Քեռյան, Սամվել Սիրականյան, Անուշ Հովակիմյան,
Ֆիզիկայի բնագավառի մրցանակակիրներ՝ Աշոտ Պետրոսյան, Կարինե Հովհաննիսյան, Մարիաննա Դերձյան,
Տեխնիկական գիտությունների և Տեղեկատվական տեխնոլոգիաների անվանակարգն այս տարի միրցանակակիր չուներ,
Հումանիտար գիտությունների բնագավառի մրցանակակիր՝ Լիլիթ Սիմոնյան,
Գրականության բնագավառի մրցանակակիրներ՝ Հովհաննես Երանյան, Արա Առաքելյան, Երվանդ Վարդանյան,
Արվեստի բնագավառի մրցանակակիրներ՝ Զավեն Խաչիկյան, Հայկ Բաղդասարյան, Վահրամ Բաղդասարյան, Հայկ Բադալյան, Լուսինե Սարգսյան, Սիրանուշ Մխիթարյան, Արթուր Սահակյան, Մանե Բաղդասարյան, Մանե Գրիգորյան,
Դասական երաժշտության՝ երգեցողության բնագավառի մրցանակակիրներ՝ Ջուլիետա Ալեքսանյան, Հովհաննես Անդրեասյան,
Դասական երաժշտության՝գործիքային կատարման բնագավառի մրցանակակիրներ՝ Դիանա Ադամյան, Տիգրան Պետրոսյան:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2001թ. հունվարի 19-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար, գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: