Բաժիններ՝

Հանքարդյունաբերության 28 կազմակերպություններում ստուգումներ կիրականացվեն

Հանքարդյունաբերության մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող 28 կազմակերպություններում ստուգումներ կիրականացվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստուգումներ կազմակերպելու համար ՀՀ վարչապետի հանձնարարականը խնդրել է բնապահպանության նախարարը։

Ըստ Ն.Փաշինյանի՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ռիսկերը շրջակա միջավայրի համար բարձր վտանգ են ստեղծում։

Վարչապետը նշեց, որ ստուգումներն իրականացվելու են բնակչության կյանքին ու առողջությանը, պետության օրինական շահերին ու շրջակա միջավայրին  սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։

Մյուս գործադիր մարմիններին Ն.Փաշինյանը հանձնարարեց օժանդակել ԲՆ տեսչական մարմնին ստուգումներն իրականացնելու համար։

«Մեր խնդիրը շատ հստակ է, որ ՀՀ-ում հանքարդյունահանման ոլորտը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Եվ այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ստուգումները պետք է իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղհասարակության բնապահպանական ոլորտի ներկայացուցիչները՝ բացառելով կոմպրոմիսները։

Նա նկատեց, որ սա չի նշանակում՝ ընդերքը փակել և չօգտագործել, բայց խախտումները նույնպես անթույլատրելի են։

Վարչապետը նշեց նաև, որ մի քանի հարյուր միլիոն դրամի չվճարված գումարներ կան, որոնք պետք է վճարվեն, որովհետև դա օրենքի պահանջ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս