
Եվրահանձնաժողովում «իսկական խնդիր» են որակել Թրամփի վարչակազմը

Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը ԱՄՆ-ի նոր վարչակազմը «իսկական խնդիր» է համարել Եվրամիության համար: «Սա ԱՄՆ-ի առաջին վարչակազմն է, որը կարծում է, թե ամերիկյան շահերին համապատասխանում է ոչ թե միասնական, այլ պառակտված Եվրոպա ունենալը: Դա իրական խնդիր է Եվրոպայի համար»,- Թիմերմանսի հայտարարությունը մեջբերում է EurActiv տեղեկատվական ռեսուրսը:
«Անդրատլանտյան հարաբերությունների առանձին բաներ, որոնք, ինչպես մենք կարծում էինք, երբեք չեն փոխվում, վիճարկվում են՝ առեւտրի եւ անվտանգության հարցերը»,- ասել է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի առաջին փոխնախագահը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն անդրատլանտյան գործընկերության համոզված կողմնակիցն է, ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նրա քաղաքականության հետեւանքով եվրոպացիները ձերբազատվեցին բոլոր պատրանքներից, այժմ հարկավոր է պատրաստ լինել այն սցենարներին, երբ ԵՄ-ին հարկ կլինի ինքնուրույն գործել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: